Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ու իր շրջապատը մի շաբաթ ունեն, որպեսզի վայր դնեն լիազորությունները: Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն, այդ մասին հայտարարել է «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման ղեկավարներից մեկը` Էսսամ ալ-Էրիանը:

«Մուբարաքի շրջապատը կարգի է բերում իր գործերը, քանի որ այն վարչախմբի խորհրդանիշն է: Նրանց ժամանակ է պետք: Մենք շանս ենք տվել: Մեկ շաբաթ»,- հայտարարել է ալ-Էրիանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ եթե Մուբարաքը հրաժարական տա, «Մահմեդական եղբայրները» չեն ձգտի միանձնյա իշխանության, գրում է The Guardian-ը: Նրա խոսքով, կազմակերպությունը ձգտելու է դառնալ լայն խորհրդարանական կոալիցիայի մասը:

Միեւնույն ժամանակ Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը հերքել է Մուբարաքի ինքնակամ պաշտոնանկության հնարավորությունը: Հայտարարելով, որ նախընտրում է ելք գտնել երկխոսության միջոցով, նա նկատել է, որ ցանկացած այլ միջոց դիտարկվում է որպես հեղաշրջում: