Այն, ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ կապված հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակներն իր հետ նախապես համաձայնեցնելու մասին, բացարձակ ճշմարտություն է։ Փետրվարի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

«ՀՀԿ ողջ ցուցակը՝ թե՜ մեծամասնական, թե՜ համամամասնական, իսկապես համաձայնեցվել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ մեսիջներ տարածվեն, թե Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը եւս ընտրվել է Քոչարյանի համաձայնությամբ»,- նկատեց Հակոբյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահի հետ է համաձայնեցվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակները։

«Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է, որ Հայաստանի Ազգային ժողովը եւս ձեւավորվել է իր համաձայնությամբ։ Սակայն Հայաստանը երբեք այսքան մաֆիոզ, կոռումպացված ցածր ինտելեկտով խորհրդարան չի ունեցել, որքան ներկայիս՝ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած խորհրդարանն է»,- նկատեց կուսակցական գործիչը։

NEWS.am-ի հարցին, թե հաշվի առնելով ՀՀԿ ցուցակների մասին Քոչարյանի հայտարարությունը եւ դրան հետեւած հանրապետական որոշ գործիչների արձագանքը՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանդես գա հավելյալ «բացահայտումներով», Հակոբյանը նկատեց. «Ոչ մի բան չի կարելի բացառել»:

Նշենք, որ լրատվական գործակալություններից մեկին օրերս տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ ընտրական ցուցակն անուն առ անուն իր հետ համաձայնեցվել է։