Անգլիայում 70-ամյա տատիկը դարձել հասարակության խոսակցության հիմնական թեման եւ հերոսը, ով կարողացել է կանխել ոսկու խանութի թալանը։
Ոսկու խանութը թալանել ցանկացող գողերը օրը ցերեկով մոտոցիլետներով մոտեցել են խանութի ցուցափեղկերին եւ սկսել մուրճերով ջարդել ցուցափեղկերը՝ գողանալու ոսկեղենը:
Այդ ընթացքում դիմացի մայթից գողերի ուղղությամբ է վազել 70-ամյա մի տատիկ եւ ձեռքի պայուսակով սկսել հարվածել գողերին, ովքեր, չկողմնորոշվելով, թե ինչ է կատարվում, սարսափահար փախել են:
Հերոս տատիկը, ում անունը չի հաղորդվում, Daily Mail-ին տված հարցազրույցում նշել է, թե սկզբում կարծել է, թե ինչ որ մեկին են ծեծում։ «Երբ հասա նրանց, հասկացա, որ ոչ մեկին էլ չեն ծեծում, այլ ցերեկով խանութ են թալանում։ Ինձ անհանգստացրեց այն, որ շուրջը հավաքված մարդիկ հանդիսատեսի կարգավիճակում էին։ Ես շատ բարկացա եւ սկսեցի գողերին հարվածել, որից հետո միայն մարդիկ օգնության հասան»,-նշել է տատիկը։




























