ԱՄՆ բանակի շտաբների ղեկավարների միավորված հանձնաժողովը 2004 թվականից ի վեր առաջին անգամ հրապարակել է Ազգային ռազմական ռազմավարությունը։ Այդ փաստաթուղթն ամերիկյան բանակի ընդլայնված հռչակագիրն է, որում պարզաբանվում է, թե ինչպես է նախատեսվում օգտագործել զինուժը։ Դրանում ներկայացված են նաեւ համախոհներին օգնության տրամադրման եւ ԱՄՆ ավտանգության ապահովման համար անձնակազմի կրթության հեռանկարները, հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ-ն, ձգտելով հետեւել միջազգային նորմերին, զինուժը սերտ փոխգործակցությամբ օգտագործելու է համախոհների եւ գործընկերների հետ՝ միաժամանակ հնարավորություն տալով ինքնուրույն գործել, եթե դա անհրաժեշտ է»,- ասված է փաստաթղթում, որը մեջբերել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Համաձայն օրենսդրության՝ Ազգային ռազմական ռազմավարությունը վերանայման ենթակա է յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Սակայն փոփոխություններ կատարվում են միայն այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են։





























