Սեպտեմբերի 26-ին Վիլնյուսի միջազգային դպրոցում նշվեց Լեզուների եվրոպական օրը, որն այս տարի նվիրված էր հայոց լեզվին։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաեւ Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս նույն դպրոցի աշակերտ Վարդան Մկրտչյանի եւ Վիլնյուսի Կառավարման եւ տնտեսագիտության համալսարանի (ISM) ուսանողուհի Մալվինա Գրիգորյանի։

Եվրոպական լեզուների օրվա շրջանակներում դպրոցի տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար ցուցադրվեցին ճանաչողական ֆիլմեր հայոց լեզվի եւ հայկական մշակույթի մասին, նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ եւ հայկական ազգային երգուպարի դասընթացներ։

Միջոցառման մեկնարկն ազդարարեցին դպրոցի տնօրեն Ռեբեկա Յուրասը եւ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում հակիրճ անդրադարձ կատարեց օրվա խորհրդին եւ ներկայացրեց հետաքրքիր փաստեր հայոց գրերի ստեղծման եւ լեզվի զարգացման փուլերի մասին։