Սեպտեմբերի 26-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի պահպանության տեղամասերից մեկում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքների ավարտին:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դա իրականություն էր դարձել ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում:

Առաջնագծում մշտական ջրի առկայությունը էական ազդեցություն կունենա մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացման վրա, կնպաստի անձնակազմի կենցաղային կարիքները հոգալուն, ինչպես նաեւ հնարավորություն կտա պլանավորել ու իրականացնել ավելի մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ:

Հավելենք նաեւ, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, ֆրնասահայ բարերար Ժակ Մաթոսյանը պարգեւատրվել է ‹‹Վաչագան Բարեպաշտ›› մեդալով: Բարձր պարգեւը անմիջապես առաջնագծում հասցեատիրոջն է հանձնել բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: