Սեւանա լճի մակարդակի հետ կապված կա հաստատված ծրագիր, որ մինչեւ 1903,5 մետր պետք է ջրի մակարդակը բարձրանա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումների ժամանակ նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, լճի մակարդակի նվազեցումը բերել էր նրան, որ լիճն ունենալով ավելի կայուն էկոլոգիական կարգավիճակ եւ մոտ լինելով խմելու ջրի ստանդարտներին, վերածվել էր էֆտրոֆ կարգավիճակով լճի, ինչը բացասական հետեւանքների է բերում:

«Այս տարի մենք ականատես եղանք կապտականաչավուն ջրիմուռների էական աճի, ընդ որում այդ մասսայական աճին հետեւում էինք եւ, ըստ էության, համարյա ամբողջ լիճը ծածկել էր: Նման մասսայական ծաղկում վերջին տարիներին չէր գրանցվել: Դա մի քանի գործոնների համադրման հետեւանք էր. մեկը բարձր ջերմաստիճանն էր, երկրորդը՝ տեղումների պակասը եւ ներհոսող գետերի ջրերի պակասը, ինչպես նաեւ շրջակա բնակավայրերից ինտենսիվորեն լիճ տափվող կեղտաջրերի մեծ ծավալը»,-ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջին տարում ֆոսֆորի պարունակությունը Սեւանա լճում զգալիորեն ավելացել է: Որպես այդ խնդրի լուծման մի ուղղություն, նախարարը նշեց կեղտաջրերի մուտքը Սեւան սահմանափակելը. «Դրա համար առաջիկայում բոլոր տնտեսվարողները պետք է իրենց պլաններում նախատեսեն, որ որեւէ տնտեսվարող Սեւանա լճի ավազանում առանց կեղտաջրերի մաքրման համակարգի չի կարող իր գործունեությունը շարունակել»:

Նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի հետ արդեն մշակվել է 50 մլն դոլարի ծրագիր, որը հաստատվելու դեպքում կուղղվի  նաեւ կեղտաջրերի մաքրման համակարգերի տեղադրմանը: