ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արեւագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը եւ Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական):
Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արեւագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) եւ Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 32,5 × 48,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ
Քանակը մինչեւ 500 հատ յուրաքանչյուր տեսակից
Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը եւ Վարդան Վարդանյանը:
Հատվել են Լիտվայի դրամահատարանում:
Նշենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:





























