Վայրի բնության համաշխարհային հինադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը նշում է իր 15-րդ տարեդարձը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանն ասաց, որ անցյալ 1,5 տասնամյակում հաջողվել է հանրապետության կենսաբազմազանության պահպանման հարցում հասնել նշանակալի ձեռքբերումների։
«Երբ մենք դեռ նոր էինք սկսել մեր գործունեությունը Հայաստանում, այստեղ մեկ կամ երկու հովազի կարելի էր հանդիպել։ Այսօր բնապահպանական միջոցառումների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ստեղծման շնորհիվ, դրանց թիվը հասել է 9-10-ի, ներառյալ երկու զույգը, որոնք սերունդ են տալիս»,- հայտնեց Մանվելյանը։ Հովազները բնակվում են Հայաստանի հարավում։ Նրանցից մեկին, ով բնապահպանների կողմից ստացել է Լեո անունը, կարելի է հանդիպել Խոսրովյան արգելոցի տարածքում։
15 տարիների ընթացքում WWF-Հայաստանին հաջողվել է նաեւ մեծացնել Կարմիր գրքում ընդգրկված արջերի եւ բեզոարյան այծերի թիվը։ «Բեզոարյան այծերի թիվը մեծացել է երկու անգամ՝ 1500-ից հասնելով 3000-ի»,- ասաց Մանվելյանը։
Կենսաբազմազանության պահպանման համար կարեւոր դեր է կատարում նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը։ WWF-Հայաստանի ջանքերով երկրի հարավում ստեղծվել են «Արեւիկ» ազգային այգին, «Զանգեզուր» եւ «Խուստուփ» արգելավայրերը։ «Եթե նախկինում բնության հատուկ պահպանվող տարածքները հանրապետության տարածքի 10 տոկոսն էին կազմում, ապա այսօր՝ 12 տոկոսը»,- տեղեկացրեց Մանվելյանը։
Այսօրվա դրությամբ էկոմիջանցքի ստեղծման աշխատանքներ են տարվում։ Այն կմիացնի բնության հատուկ պահպանվող հարավային տարածքները Խոսրովի արգելոցին։ Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի այնպիսի տեսակների միգրացիայի համար, ինչպիսիք են հովազը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը եւ արջը։
Մանվելյանը նաեւ խոստովանեց, որ մեկ էկոմիջանցքը Հայաստանի համար շատ քիչ է։ «Անհրաժեշտ է ստեղծել, այսպես կոչված, էկոցանց՝ դրանում ներառելով ոչ միայն երկրի հարավը, այլեւ հյուսիսը»,- նշեց նա։ Փորձագետի կարծիքով՝ պետք է աշխատել նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ բարելավել արդեն գոյություն ունեցողների մենեջմենթը։




























