Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հանդես է գալիս արտահերթ խորհրդարանական ընտրությունները մյուս տարվա ապրիլ-մայիսին անցկացնելու օգտին: Հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը:
Արամ Գ. Սարգսյանը, միաժամանակ, շեշտեց օրինական մեթոդներով գործելու անհրաժեշտությունը: «Սա բոլորիս համար սկզբունքային նշանակություն ունի: Հեղափոխական տրամադրություններն ուղղված էին օրինականության հաստատմանը»,- հիշեցրեց Սարգսյանը:
Նրա գնահատմամբ՝ այս պահին քաղաքական ուժերը, բացի «Քաղաքացիական պայմանագրից», նախապատրաստական փուլում են, եւ նրանց ժամանակ է պետք վերադասավորումների համար: Անհրաժեշտ է լայն հանրային բանավեճ անցկացնել այն մասին, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր երկիրը եւ նրա զարգացման ուղիները: «Վերջին ընտրությունները մի բան ցույց տվեցին՝ մարդիկ լուրջ ծրագրերից հեռու են եւ ընդամենը կարգախոսներով են առաջնորդվում»,- նշեց Արամ Գ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ երկրին ընդդիմություն է անհրաժեշտ, եւ չի կարելի թույլ տալ, որ խորհրդարանում նույնպիսի դասավորություն լինի, ինչպիսին Երեւանի ընտրությունների արդյունքներով՝ 80/20: «Եթե Փաշինյանը ցանկանում է ժողովրդավարություն հաստատել, հանրային բանավեճն անհրաժեշտություն է: Անհրաժեշտ է հասարակությանը ծրագիր ընտրելու հնարավորություն տալ»,- նշեց Արամ Գ. Սարգսյանը:
ՀԴԿ առաջնորդը շեշտեց, որ քաղաքական ուժերին ձեռնտու չէ տարեվերջին ընտրությունների անցկացումը: «Տարվա վերջին ձեռնտու է տարին կայուն ավարտել տնտեսական իմաստով: Հունվարը նույնպես ընտրական գործընթացների համար չէ: Փետրվարը՝ նույնը: Ընտրությունները հարկ է անցկացնել ապրիլ-մայիսին»,- արձանագրեց Սարգսյանը: Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը ցանկանում է փորձություն անցնել, պետք է ցույց տա, որ ընտրությունները չեն անցել էյֆորիայի մթնոլորտում: «Որպեսզի էյֆորիան անցնի, եւ մարդիկ ընտրությունների գնան գիտակցված: Սա հենց նրան էլ ձեռնտու կլինի: Սակայն այդ ժամանակ նա արդեն ստիպված կլինի ծրագիր ներկայացնել, այլ ոչ թե կարգախոսներ՝ պատին դեմ կտան, ասֆալտին կփռեն: Այս բառապաշարը պետք է վերացնել քաղաքական բառարանից»,- նշեց Սարգսյանը:
Խոսելով հիմա արդեն «Սասնա ծռեր» կուսակցության գործունեության մասին՝ ՀԴԿ առաջնորդը նշեց, որ, ինչպես նախկինում, իր Փաշինյանի «մինչ իշխանություն ունենալը» հռետորաբանությունը սաստիկ տարբերվում է «իշխանություն լինելու» հռետորաբանությունից: «Հրահրվում են անիմաստ սպասումներ»,- նշեց Սարգսյանը:
Վերադառնալով ընտրությունների թեմային՝ ՀԴԿ առաջնորդը նշեց, որ Երեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները գրանցեցին մասնակիցների համար անհավասար պայմաններ: Ըստ որում՝ անհավասարությունը բխում էր գլխավոր «ֆավորիտից», «Քաղաքացիական պայմանագրից»: «Քոչարյանով էին վախեցնում: Այնուհետեւ մինչեւ հիմա անհայտ կուսակցության մոտ մեծ հնարավորություններ հայտնվեցին, թանկարժեք տեխնիկա, վիթխարի գովազդային վահանակներ, տեսարաններ: Մնացյալը նման հնարավորություններ չունեին»,- նշեց Արամ Գ. Սարգսյանը:




























