«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու բոլոր սցենարներին: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ այս պահն դեռ չգիտեն, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որ սցենարն է առաջարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Այս խորհրդարանը ցրելու հետ կապված բոլոր սցենարներին մենք աջակցելու ենք: Հիմա, թե ինչ սցենարով կբերվի ցրելու գործընթացը, կբերեն, մենք կհասկանանք»,- ընդգծեց Մարուքյանը:
Անդրադառնալով դիտարկմանը՝ խոսակցություններ կան արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև ընթացիկ տարվա վերջ անցկացնելու մասին՝ Մարուքյանն ասաց այդ դեպքում պետք է երաշխավորվեն նաև մնացած բոլոր հանգամանքները:
«Եթե երաշխավորվում են, այո, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- նշեց Մարուքյանը:
Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելու դեպքում քաղաքական ուժերը պատրա՞ստ են, Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են. «Մենք պատրաստ ենք, քանի որ այս պահին արձանագրել ենք, որ մենք Երևանի մասշտաբով երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդը դառնանք, բայց մյուս ուժերի համար ես չեմ կարող երաշխավորել: Ես չեմ կարող խոսել բոլոր ուժերի փոխարեն: Բոլոր քաղաքական ուժերը պետք է գան և մասնակցեն բանակցություններին: Վարչապետը նշել է, որ և խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ պետք է բանակցություններ լինեն: Հետևաբար, սա լայն կոնսոլիդացիայի հարց է, ինչը ես ողջունում եմ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ բանակցությունների համար կառավարությունից իրենց դեռ չեն դիմել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է սկսում խորհրդարանական ուժերի հետ:




























