Մենք տեսնում ենք, թե Բելառուսն ինչպես է զարգանում դժվարին միջավայրում եւ բարդ պայմաններում, քանի որ այն որոշ ուժերի համար, կարծես, կրկին կոկորդին դեմ առած ոսկոր է: Այս մասին հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում տեղի ունեցած «Հայ-ռուսական ռազմական եղբայրություն. երեկ, այսօր, վաղը» գիտաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

Դիվանագետի խոսքով՝ այդ ուժերը մարդկային ռեսուրսների կարիք չունեն, քանի որ նրանք զգալիորեն հետաքրքրված են նախկին խորհրդային հանրապետությունների բնական հարստություններով եւ պաշարներով: «Նրանց պետք է տիրել այն, ինչի տերը իրավամբ մենք ենք, իսկ նրանք ցանկանում են տիրել ուժի դիրքից: Կրկնվում եմ, բայց Հայրենական մեծ պատերազմից դասեր չեն քաղվել: Շատերը փորձում են ռեւանշիստական հավակնություններով շրջել այդ պատերազմի արդյունքները, խորհրդային ազատարար զինվորին նվաճող դարձնել»,- վրդովվեց Նազարուկը:

Բելառուսի դեսպանը, միաժամանակ, նշեց, որ մի շարք երկրներում Հայրենական մեծ պատերազմի վետերաններն իրենց պարգեւները հպարտորեն ցուցադրելու իրավունք չունեն: «Ինքս եմ դրան ականատես եղել: Մարդկանց հասցնում են մինչեւ անհասկանալի է, թե ինչ վիճակի այն պատճառով, որ նրանք մոլորակն ազատել են դարչնագույն  ժանտախտից, այն պատճառով, որ նրանք կյանքի իրավունքն ապացուցել են թե՛ իրենց, թե՛ մյուսների համար: Չէ՞ որ ոչ ոք չի թաքցնում, որ ֆաշիստների նպատակն էր Խորհրդային Միության բնակչության լիակատար բնաջնջումը՝ թողնելով միայն մոտ 25 տոկոսին որպես ստրուկներ եւ սպասարկող ուժ իրենց, այսպես կոչված, բարձրագույն արիական ռասայի համար»,- հուզված ձայնով ասաց դեսպանը՝ հիշեցնելով, որ զոհվել է յուրաքանչյուր երրորդ բելառուսը:

Դիվանագետը շեշտեց, որ խորհրդային ժողովրդի հաղթանակը չափազանց թանկ գին ունի, որպեսզի նրա հաղթանակը «հնարավոր լինի տալ միանգամայն անհասկանալի անձանց»:

Ներկաները բելառուս դեսպանին ճանապարհեցին բավականին երկարատեւ եւ բուռն ծափահարություններով, իսկ նրա ռուս գործընկեր Սերգեյ Կոպիրկինը եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սեղմեցին նրա ձեռքը միջոցառմանը հնչած բոլոր ելույթներից թերեւս ամենզգացմունքային ելույթի համար: