Երեւան եւ Ցինդաո քաղաքների միջեւ մեկ տարի առաջ սկիզբ առած կապերի զարգացման, ինչպես նաեւ ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանի, աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի եւ Չինաստանի Ցինդաո քաղաքի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վան Ջինշոնգի գլխավորած պատվիրակության միջեւ կայացած հանդիպման ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների  միջեւ հնարավոր կլինի ծավալել արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցություն՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին, ներկայացնելով քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթներն ու քաղաքականությունը, ընդգծել է, որ գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման հետ կապված մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ Ցինդաո քաղաքի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վան Ջինշոնգը նախ շնորհավորել է Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը, ապա նկատել է, որ երկու քաղաքների միջեւ առկա է համագործակցության լայն դաշտ: 

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում համագործակցության շուրջ: