Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Արարատ Նիկողոսյանի ծնողները չեն ցանկանում, որպեսզի իրենց որդու նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվի: Lեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով այսօրվա դատական նիստին հրապարակվեց Նիկողոսյանի ծնողների համապատասխան բովանդակությամբ դիմումը։
Հիշեցնենք, որ Նիկողոյանը մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:
Մահացած ամբաստանյալի ծնողները դատարանին հայտնել էին, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք համաձայն չեն Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքի հետ, համարում են, որ նա պետք է արդարացվի, ուստի ցանկանում են, որ նրա նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը չդադարեցվի:
Բացի այդ, ծնողները ցանկանում են, որ Նիկողոսյանի հայրը` Արտակ Նիկողոսյանը, ճանաչվի որպես որդու իրավահաջորդ:
Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ևս դիրքորոշում հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չպետք է դադարեցվի:
Այպիսով՝ դատարանը որոշում կայացրեց Արարատ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնել, իսկ Նիկողոսյանի հորը գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել։
Հիշեցնենք, որ Նիկողոսյանը մեղադրվում էր խմբի կազմում, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, խուլիգանություն կատարելու և սպանության մեջ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, խուլիգանական դրդումներով, Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի` կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:




























