Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Թիեն Ըրլոնգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դեսպան Ըրլոնգի հետ քննարկեցինք միջգերատեսչական, միջպետական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման կարևորությունը։ Ես իմ կողմից բարձր գնահատեցի Չինաստանի ներդրումը ինչպես գլոբալ անվտանգության կայունության գործում, այնպես էլ զուսպ և պատասխանատու քաղաքականությունը զենքի վաճառքի հարցում։

Քննարկեցինք նաև բարձր մակարդակի երկկողմ այցելությունները ու դրանց արդյունքները։

Հանդիպման ավարտին փոխադարձաբար արձանագրեցինք մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու լայնացման անհրաժեշտությունը»։