Արմավիրի մարզում սեպտեմբերի 28–ին 1–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am–ին ասաց Մանուկյանի պաշտպան Համլետ Ստեփանյանը։
«Ռուստամ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ երեխային մայրն է սպանել, ոչ թե ինքը։ Ամուսինների միջեւ նաեւ առերեսում է տեղի ունեցել։ Լուրերը, թե իմ պաշտպանյալը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, իրականությանը չի համապատասխանում»,– ասաց Համլետ Ստեփանյանը։
Դեպքից այլ մանրամասներ պաշտպանը չհայտնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Նշենք, որ Ռուստամ Մանուկյանը մահացած փոքրիկի խորթ հայրն է։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա, վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաեւ՝ մեջքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին:
Նկատելով ամուսնու կողմից երեխայի նկատմամբ բռնության գործադրումը՝ մայրը, ձեռք բերված տվյալների համաձայն, փորձել է միջամտել, սակայն ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաեւ նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով գլխին, ապա՝ նաեւ ապտակել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նա կալանավորված է։




























