Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տնտեսությունը աննախադեպ անկում ապրեց: Այս մասին ասված է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հայտարարության մեջ:

«Այսօր հողի աշխատավորին պետությունը հանձնել է բախտի քմահաճույքին: Բանկերը, գյուղացու  համար հիմնականում անհասու են, եթե նույնիսկ վարկ ստացողներ են լինում, ապա բարձր տոկոսադրույքների պատճառով եւ այն մարելու համար, գյուղացին ստիպված է լինում հողը վաճառքի հանել:

Հողային օրենսգրքում, վերջին փոփոխության արդյունքում ( այժմ գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր կարող է լինել ոչ միայն տվյալ համայնքի անդամը, այլ նաեւ դրսից եկածը) մոտ 80 000 հեկտար պահուստային ֆոնդը, նախատեսված  նորաստեղծ ընտանիքների համար, գրեթե ամբողջությամբ վաճառվեց օլիգարխներին եւ  քաղաքից եկած չինովնիկներին:Պետական պատկան մարմինները այսպիսով գյուղացուն պարտադրում են կաշառքի միջոցով  օրենքով չնախատեսված հողակտորների վրա տան շինարարություն իրականացնել:

Իշխանությունները, իրենց հանցավոր   նպատակն իրականացնելու համար փոխեցին Հողային օրենսգիրը, որպեսզի գյուղերի զարգացման համար նախատեսնված պահուստային հողերի սեփականատեր դառնան:

Արդեն իսկ կատարված  փաստ է, որ  գյուղերի զարգացման, ծավալման համար այլեւս  հողեր չեն մնացել:

Անօրինականություններն  ու կաշառակերությունը, թանկ վառելիքը, գյուղատնտեսական տեխնիկայի, սերմնացուների եւ որակյալ թունաքիմիկատների բացակայությունը անհնար են դարձնում հողի մշակումը: Օլիգարխների կողմից վերահսկվող շուկաներում, վերավաճառողները ուղղակի թալանում են գյուղացուն:            

Նպատակային անկատար, հանցավոր օրենսդրությունը, միջոցների բացակայությունը, բերում են նրան, որ գյուղացին վաճառելով իր հողը հերթական օլիգարխին լքում է հայրենիքը:

Այս է պատճառներից մեկը, որ Գելափի ինստիտուտի  տվյալներով վերջին երեք տարում Հայաստանը լքել է մոտ 120 000 մարդ: Իրականում այս թիվը  շատ ավելի բարձր է:

Իշխանությունների  կողմից վարվող հանցավոր ներքին ( արտաքինի մասին խոսելը անիմաստ  է  եւ ոչ պատվաբեր) քաղաքականության արդյունքում Հայաստանի  հարյուրավոր գյուղեր,այդ թվում սահմանամերձ, քայքայվել են, կամ գտնվում են դրա եզրին:

Պարոնայք ոչ լիգիտիմ իշխանավորներ, սթափվեք, շուտով գարուն է, դեմքով անհապաղ շրջվեք դեպի հողի աշխատավորը եւ նրա հոգսերը, խնդիրը համազգային է եւ սպառնում է վերածվել գյուղացիական համընդհանուր անհնազանդության: Հույսներդ չդնեք  մայրաքաղաք մուտք գործող ճանապարհների փակման վրա:

Գյուղը, որ  կանգնի գերան կկոտրի»,- ասված է ՍԴՀԿ հայտարարության մեջ: