ՀՀ ԶՈՒ սպաներին բնակարաններ տալու հարցը կառավարությունում քննարկվում է: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին այն մասին, թե երբ է ԶՈՒ գործող եւ պահեստազորի սպաներին, որոնց ընդհանուր թիվը հասնում է մինչեւ 5 հազար, պետությունը բնակարաններ տալու, եւ ինչ է անում կառավարությունը զինծառայությունից փորձառու սպաների եւ պայմանագրային զինծառայողների հեռանալու խնդրի լուծման համար:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ կառավարությունում հիմա քննարկվում է ձեւաչափը, թե ինչ կերպ է իրականացվելու տվյալ խնդիրը:
«Բնակարանները, որոնք հիմա կառուցման փուլում են, առաջին հերթին կտրվեն հաշմանդամներին եւ զոհված կամավոր-ազատարարների ընտանիքներին: Այս պահին իրավիճակն այսպիսին է»,- պարզաբանեց Տոնոյանը:
Ընդ որում՝ նախարարը նշեց, որ կառավարությունում քննարկվող հարցը վերաբերում է հիփոթեքին, որը, նրա խոսքով, տրամադրվում է ԶՈՒ բոլոր զինծառայողներին, հետագայում նրանց կողմից բնակարաններ ձեռք բերելու համար: Տոնոյանը շեշտեց, որ այս նպատակների իրականացման համար իրենք համապատասխան աշխատանք են տանում:
Անդրադառնալով ԶՈՒ շարքերից փորձառու զինծառայողների ազատվելու հարցին՝ նախարարը հստակեցրեց, որ խնդիրը վարչապետի հետ քննարկելուց եւ կառավարությունում համապատասխան քննարկումներից հետո հարցը կարգավորվել է:




























