Մենք գնում ենք այն ճանապարհով, որ պարտք վերցնում ենք նոր արդյունք ստեղծելու հնարավորություններ ձեւավորելու համար, ոչ թե ընթացիկ կարիքների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նրա խոսքով, կառավարությունը նպատակ ունի կայունացնել երկրի պարտքը. «Խոսքը անվանական մեծությամբ պարտքը նվազեցնելու մասին չէ, այլ այնպիսի պարտքի մասին, որը հնարավոր է կառավարել, որը տնտեսական ակտիվության եւ տնտեսական արդյունքի աճին զուգահեռ ունենալու է ավելի փոքր ազդեցություն տնտեսվարման վրա»:
Հարցին, թե ե՞րբ կտեսնենք այսօր գործող կառավարության գործունեության արդյունքները, Ջանջուղազյանը պատասխանեց, որ իներցիան անխուսափելի է, բայց իրենք հընթացս փոփոխություններ են իրականացնելու, այդ թվում նաեւ տարվա ընթացքում վերաբաշխումներ իրականացնելով:
Ինչ վերաբերում է աշխատավարձ ու թոշակ բարձրացնելուն, նախարարն ասաց, որ դրանք չպետք է ֆետիշացնել. «Դուք ուզում եք, որ ես հիմա ասեմ, որ անպայման հաջորդ տարվա մայիսին կլինեն բարձրացումներ, ես դա չեմ կարող ասել, որովհետեւ ամեն ինչ կախված է նրանից, թե մեր գործողություններն ինչ արդյունք կտան եւ արդյոք դրանք միանվագ են լինելու, թե ոչ: 20 մլրդ դրամով ավելացել է կենսաթոշակային հատկացումները»:
Ֆւինանսների նախարարը տեղեկացրեց, որ այս պահին քննարկման փուլում են գտնվում կառավարման ապարատի գործող կազմն ու ծախսերը:



























