Լիբանանն ունի հարուստ բնական և մշակութային ժառանգություն, և այսօր այդ ժառանգությունը բախվում է աճող ճնշման՝ կլիմայի փոփոխությանը, հողերի դեգրադացիային, կենսաբազմազանության կորստին, ձգձգվող տնտեսական ճգնաժամերին, հաճախակի հրդեհներին, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի սանձազերծած պատերազմի բնապահպանական հետևանքներին։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Լիբանանի շրջակա միջավայրի նախարար Թամարա Էլ-Զեյնը։
«Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023–2024 թվականների պատերազմի հետևանքով բնապահպանական ոլորտին հասցված վնասը գերազանցում է 512 միլիոն դոլարը։ Այս գումարին պետք է ավելացնել 2026 թվականի կորուստները։ Ոչնչացվել են անտառների, բնական արգելոցների, գյուղատնտեսական հողերի և բնական կենսավայրերի հեկտարներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ ռմբակոծությունների հետևանքով։
Չնայած այն լուրջ մարտահրավերներին, որոնց բախվում է Լիբանանը, երկիրը հաստատակամորեն հավատարիմ է մնում շրջակա միջավայրի պահպանության գործունեությանը։ Միևնույն ժամանակ, Լիբանանի առջև կանգնած է կարևորագույն խնդիր՝ անհրաժեշտ է շրջակա միջավայրի վերականգնումը դարձնել հետպատերազմյան վերականգնման առանցքային տարր։ Լիբանանը կոչ է անում իր գործընկերներին աջակցել իրականացվող բարեփոխումներին այն ոլորտներում, որտեղ դեռևս պահպանվում են լուրջ խնդիրներ», — նշել է նախարարը։





























