Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախատեսում են ավելացնել աշխատաժամերը` հանգստյան օրերի կամ աշխատանքային օրվա երկարացման հաշվին:

Ընդ որում, կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները չկարողացան ողջամիտ կերպով բացատրել տվյալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Ըստ էության, կառավարող կուսակցությունները, կառավարությունը այդկերպ օրինականացնում են արտաժամյա աշխատանքը` գործատուին իրավունք տալով շահագործել աշխատողներին` չվճարելով աշխատանքի հավելյալ ժամերի համար:

Ավելի վաղ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատել է, որ Հայաստանում ձեւավորված ծանր սոցիալական պայմաններում շատ գործատուներ գործող օրենսգրքի պայմաններում էլ ստիպում են աշխատողներին աշխատել արտաժամյա` չվճարելով նրանց: «Ինչ կլինի, եթե այդ ամենն օրինականացվեն նոր փոփոխություններով»,- ասել է նա:

«Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորները կոալիցիայի առաջարկները որակել են որպես աշխատողներին իրավունքների շահագործում եւ իրավունքների խախտում:

Այժմ գործող աշխատանքային օրենսգրքով Հայաստանում սահմանված է 40-ժամյա շաբաթ, սակայն նոր փոփոխություններով ժամերը կարող են ավելացվել հանգստյան օրերի կամ երկար աշխատանքային օրվա միջոցով: