«Բացիր մուտքի դուռը: Միացրու միջանցքի լույսը». խելացի տնակը, որը ստեղծել է «Արմատ» ինժեներական լաբորատորիաների աշակերտ 14-ամյա Ալեքս Մնացականյանը, հասկանում եւ անսխալ կատարում է նման հրահանգները:
Ապագայում Ալեքսը ծրագրում է կատարելագործել իր մշակումը եւ նոր գործառույթներ ավելացնել. ձայնային հրահանգով տնակը ոչ միայն տիրոջ առջեւ կբացի անհրաժեշտ դռները եւ կմիացնի սենյակներում լույսը, այլեւ կկառավարի ողջ տեխնիկան (հեռուստացույցից մինչեւ թեյնիկ) եւ անգամ կխոսի տիրոջ հետ, եթե նա իրեն մենակ եւ տխուր զգա:
«Պատկերացրեք, որ մարդը հոգնած տուն է եկել, նա ոչինչ չի ցանկանում անել... Տունը կսկսի նրան ամեն կերպ օգնել, թեթեւացնել նրա կյանքը», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսը:
Ալեքսն իր աշխատանքը ներկայացնում է տան ֆաներային մակետում՝ մի քանի սենյակներով եւ դռներով: Ձայնային հրահանգների համար նա դեռ օգտագործում է իր հեռախոսը: Ապագայում սակայն այս ամբողջ համակարգը հնարավոր կլինի տեղադրել իրական տան մեջ, սակայն հեռախոսի փոխարեն կօգտագործվեն հատուկ սենսորները, որոնք կլինեն ամեն սենյակի անկյունում եւ կճանաչեն տիրոջ ձայնը եւ նրա հրահանգները: Ավելին, էլեկտրաէներգիայի խնայողության համար, սենսորները կմիանան եւ կաշխատեն միայն այն սենյակում, որտեղ գտնվում է տան տերը, իսկ մնացածը «քնած» ռեժիմում կլինեն:
Ալեքսի տնակը բազմաթիվ հետաքրքիր նախագծերից մեկն է, որը ներկայացվել է DigiTec Expo 2018-ում: Այն մեկնարկել է Երեւանում հոկտեմբերի 5-ին: Բարձրահարկ համալիրի առաջին 2 հարկերում տեղադրված են հայտնի հայկական ընկերությունների ստենդները, որոնք աշխատում են ժամանակակից տեխնոլոգիանրի ոլորտում:
3-րդ հարկում համալսարանների, ուսումնական ծրագրերի եւ իհարկե «Արմատ» ինժեներական լաբորատորիաների ստենդներն են, որոնց աշակերտները պատրաստակամությամբ ցույց են տալիս սեփական ձեռքերով պատրաստված ռոբոտները, 3D տպիչները եւ այլ հայտնագործություններ:
3-րդ հարկը կարծես թե գրավել է փոխնախագահ Տիգրան Ավինյանի հատուկ ուշադրությունը, որն այսօր մասնակցեց DigiTec Expo 2018-ի հանդիսավոր բացմանը:
Երբ նա դիտում էր ռոբոտներին, որոնք փորձում են դուրս գալ լաբիրինթոսից կամ մարել «հրդեհը» (իրականում վառված լուցկու հատիկը), նրա դեմքին ժպիտ հայտնվեց:
«Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեծ ապագա ունի եւ մեր երիտասարդների մոտ այդ ոլորտում մեծ հնարավորություններ կլինեն», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը:
Նրա խոսքով Հայաստանն արդեն օգտագործում է իր ներուժը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում եւ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ֆինանսների, արդյունաբերության եւ ռազմական արդյունաբերության ոլորտում երկիրը լուրջ հնարավորություններ ունի:
Ցուցահանդեսի առաջին հարկում կարելի է կարմիր էլեկտրական մեքենա տեսնել՝ հագեցած ժամանակակից ինքնակառավարման համակարգով, որը մշակվել է Երեւանի ինժեներական քաղաքի մասնագետների կողմից: Մեքենաների սենսորները ճանաչում են ճանապարհի երկայնքով սպիտակ գծերը, որպեսզի մեքենան կարողանա նրանց զուգահեռ գնալ: Ռադարը եւ մյուս սենսորներն էլ վերլուծում են մեքենայի շուրջ վիճակը. ստիպում են նրան արգելակել, եթե առջեւում մեկ այլ մեքենա է կանգնած կամ օրինակ մարդ է վազում:
Մշակողները վստահ են, որ այդ ավտոպիլոտը կարող է վարորդի հավատարիմ օգնականը դառնալ՝ նկատելով այն ամենը, ինչը մարդը կարող է չտեսնել եւ կանխելով շատ պատահարներ:
Շատ հետաքրքիր են նաեւ հեռահար կառավարման գնդացիրները, որոնք մշակվել են ԿԲԽ մասնավոր ընկերության կողմից: Էքսպոյում կարելի է տեսնել նաեւ 3 տարբեր մոդելներ եւ նրանք բոլորը մշակողների խոսքով, կարող են կիրառվել զինված ուժերում: Այդ գնդացիրների առանձնահատկությունը նրանում է, որ նրանց օպերատորը կարող է երկրի մյուս ծայրում գտնվել կամ անգամ այլ երկրում եւ հեռավորության վրա կառավարել գնդացիրները:
Ուշադրության են արժանի նաեւ լուծումները, որոնք արդեն այսօր կարելի է սկսել կիրառել գյուղատնտեսությունում. «Արմատ» ինժեներական լաբորատորիաներից աղջիկները 3-րդ հարկում ցուցադրում են հիդրոպոնիկա, որը ստեղծել են սեփական ձեռքերով; Այն օգնում է բույսերի աճեցման ժամանակ խնայել ջուրը, իսկ 2-րդ հարկում կարելի է Instigate Robotics արտադրության խելացի ջերմոց գտնել, որն ինքնուրույն ջրում է բույսերը, ցողում է պարարտանյութերով եւ վնասատու միջատների դեմ նյութերով, պահպանում է օդի անհրաժեշտ ջերմաստիճանը, իսկ երեկոյան եւ անձրեւային եղանակին անջատում է լույսը:








.jpg)






























