Հայաստանն ու Իրանը նախատեսում են 2011 թ. սկսել Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը։ Այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունն այսօր՝ փետրվարի 10-ին փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում։

Սահմանվում է, որ իրանական ընկերության կողմից փաստաթղթեր ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետում կկատարվի հողահատկացում եւ հողերի կատեգորիայի փոփոխություն, երկամսյա ժամկետում կլուծվեն լիցենզիայի հարցերը։

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը պետք է իրականացնի իրանական «Թավան Աբ Արազ Քոմփանի» կազմակերպությունը՝ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված պայմանագրի շրջանակներում։  

Ընկերությունը ինքնուրույն լուծելու է Մեղրի  ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման եւ կազմակերպական բոլոր հարցերը, իսկ ՀՀ կառավարությունն աջակցելու է Ընկերությանը` անհրաժեշտ թուլտվությունների, լիցենզիաների եւ իրավունքների ձեռք բերման հարցում։

Ենթադրվում է, որ ՀԷԿ-ի կառուցման նպատակով կծախսվի մոտ 320 մլն դոլար։ 15 տարի շահագործելուց հետո կայանը պետք է հանձնվի Հայաստանի տնօրինությանը։