ԲՀԿ-ՀՀԿ հակասությունը պայքար է Հայաստանում տնտեսական ռեսուրսներին տիրանալու համար: Այսօր՝ փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա իշխող կոալիցիայի այս երկու կուսակցությունների միջեւ տեղի ունեցող գործընթացը ներկայացրել է շատ պատկերավեր կերպով: «Հայաստանը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով եւ նման է մի կենդանու, որի պոչն ինչ որ մեկը հասցրել է դրա բերանին ու այդ կենդանին էլ կծելով եւ առնելով իր պոչի արյան համը, սկսել է պոչից խժռել ինքն իրեն: Ամենալավը բերանի վիճակն է, քանի որ առայժմ բերանը խժռում է, իսկ մյուս մասերը նախանձում են բերանին, այլ ոչ թե փորձում են փոխել վիճակը, այլ իրենք են ուզում դառնալ բերան»,- ասել է նա:
Ա. Մանուչարյանի ներկայացմամբ, հենց այդ գործընթացի մեջ պետք է դիտարկել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ընթացող վեճը, այնինչ երկրի վերափոխման տեսակետից, դա որեւէ նշանակություն չունի: «ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն ոչ թե ցանկանում են իրավիճակ փոխել, այլ քաղաքական տերմինոլոգիան կիրառում են ընդամենը տնտեսական լծակների պայքարում»,- ասաց նա:
Այդուհանդերձ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամի խոսքով, ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունը կարող է նպաստել այն խմբերին, որոնք իսկապես մտածում են Հայաստանում արժեքային լուրջ փոփոխությունների մասին: Նա հույս է հայտնել, որ անգամ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներսում կգտնվեն մարդիկ, ովքեր տեսնելով տեղի ունեցողը, կսկսեն մտածել երկրի ապագայի մասին:





























