Անհայտ քաղաքացիներն այսօր՝ փետրվարի 10-ի  առավոտյան ժամը 09:15-ին

զանգահարել են ոստիկանության Վանաձորի բաժին եւ հայտնել, որ Տիգրան Մեծի-54 շենքի բակում տղամարդու դիակ կա:

Ինչպես NEWS.am-ին Վանաձորից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցեում են գտնվում ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ: Այստեղ են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Վանաձորի ոստիկանապետը, նաեւ դատաբժիշկը, փորձագետն ու քրեագետը:

Դիակի վրա կան բռնության հետքեր:

Ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դիակ տեղափոխող մեքենան եւ դիակը տեղափոխի դիահերձարան: Մարզային ոստիկանապետը հանձնարարել է ոստիկաններին՝ պարզել դիակի ինքնությունը:

Քիչ անց պարզվել է, որ սպանվածը Վանաձորի բնակիչ 70-ամյա Միշա Կիրակոսյանն է: