«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը մայրաքաղաքում նոր տեսախցիկներ տեղադրելու պատվեր չի ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության  տնօրեն Ալեքսան Զաքարյանը։

«Այս մասին ես տեղյակ եմ այնքանով, որքանով որ լրատվամիջոցներից եմ լսել։ Մենք ոչ մի պատվեր դեռ չենք ստացել նոր տեսախցիկներ տեղադրելու հետ կապված։ Ինձ  թվում է դա անլուրջ ինֆորմացիա է, իմ անձնական կարծիքով ինչ-որ մի ընկերություն առաջարկություն է արել նման բան»,-ասաց Զաքարյանը։

Նշենք, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում մոտ 2000 նոր տեսախցիկներ են տեղադրվելու, քանի որ վարորդները ավելի շատ են խախտումներ իրականացնում։

Ալեքսան Զաքարյանի կարծիքով՝ թեկուզ 200 հազար տեսախցիկ էլ տեղադրվի, միեւնույն է ստեղծված իրավիճակը չի կարգավորվի, քանի որ նոր իշխանությունների որոշմամբ որոշ տեակի իրավախախտումներ այժմ պատժվում են միայն նախազգուշացմամբ։

«Այսօր համակարգը կիսով չափ է աշխատում, տեսախցիկներն իրենց ամբողջ հզորությամբ չեն աշխատում, քանի որ  Կառավարության որոշմամբ շատ խախտումների դեպքում  միայն նախազգուշացում է կիրառվում, ինչ վարորդների համար ոչինչ է»,-ասաց Ալեքսան Զաքարյանը։

Ալեքսան Զաքարյանը շեշտեց, որ ամեն դեպքում  տուգանքների վճարներից իրենք եկամուտ չունեն, այդ գումարները պետական բյուջե են գնում։

Ալեքսան Զաքարյանը նաեւ նշեց, որ վնասված արագաչափերն ու տեսախցիկները ոստիկանության միջոցներով են վերականգնվում։