Անցյալ շաբաթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը եւ Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» (Սիթի օֆ Սմայլ) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գեւորգ Թամամյանը, ուռուցքաբան-քիմիաթերապեւտ Դավիթ Զոհրաբյանը:

Սեպտեմբերի 30-ին, Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը Աննա Հակոբյանը հանդես եկավ բացման ելույթով, իսկ հաջորդող օրերին հայկական պատվիրակությունը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Նորին Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդի հետ հանդիպման ընթացքում արքայադուստր Դինան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ մասնակցելու Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ծրագրերին, մասնավորապես՝ «Քաղցկեղը հաղթահարող քաղաք» ծրագրին: Դինա Միրեդն իր աջակցությունն է հայտնել նաեւ հետագայում Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը եւ Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը Հայաստանում անցկացնելու գաղափարին եւ պատրաստակամություն հայտնել մոտ ապագայում այցելել Հայաստան:

Բուրկինա-Ֆասոյի նախագահի հատուկ հարցերով խորհրդական Մաթիաս Սոմեյը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը տիկին Հակոբյանին է փոխանցել Բուրկինա-Ֆասոյի Առաջին տիկնոջ ողջույնը եւ խնդրանքը՝ հնարավորության դեպքում Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնել նաեւ քաղցկեղի խնդիրները:

Գերմանիայի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ եւ գիտական ղեկավար, հայտնի ճառագայթաբան-ուռուցքաբան, պրոֆեսոր Մայքլ Բաումանի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստման եւ Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների զարգացման վերաբերյալ: Համաձայնություն է ձեռքբերվել փոխադարձ այցերի վերաբերյալ:

Հոֆֆմանն-Լա-Ռոշ խոշորագույն դեղագործական կազմակերպության ներկայացուցիչներ Ռեյչել Ֆրիցբերգի եւ Քելլի Բաթերուորթի հետ քննարկվել է Հայաստանում Հոֆֆմանն-Լա-Ռոշ կազմակերպության Պացիենտների օգնության ծրագրերի ներդրման հնարավորությունը: Ծրագրի նպատակն է կազմակերպության արտադրած թանկարժեք դեղերը, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի պարտադիր դեղորայքի ցանկում (տրաստուզումաբ եւ ռիտուքսիմաբ), հասանելի դարձնել զարգացող երկրների պացիենտների համար:

Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխնախագահ, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի Պատվավոր խորհրդատու կոմիտեի անդամ, պրոֆեսոր Կառլոս Ռոդրիգես-Գալինդոյի հետ քննարկվել են հետագա համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաեւ 2019 թ. փետրվարին ԵՊԲՀ-ում կայանալիք Մանկական ուռուցքաբանության արեւելյան եւ միջերկրածովյան խմբի գիտաժողովի կազմակերպչական հարցեր (գիտաժողովին մասնակցելու է 23 երկրներից մանկական քաղցկեղի 60 կենտրոնների ներկայացուցիչ): Սուրբ Հուդայի հիվանդանոցը ներկայումս համարվում է ԱՄՆ մանկական քաղցկեղի առաջատար կենտրոնը:

Վարիան (Varian) ճառագայթային բուժման սարքեր արտադրող խոշորագույն ընկերության ուռուցքաբանության նախագահ Քոլին Քենեդիի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ Վարիանի արտադրության ճառագայթային բուժման սարքերը Հայաստանի համար հասանելի դարձնելու հնարավորությունները:

Միջուկային էներեգետիկայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) Քաղցկեղի բուժման ծրագրի ղեկավար Նելլի Էնուերեմ-Բրոմսոնի հետ հանդիպմանը պրոֆ. Տանանյանը ներկայացրել է գործակալության հետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տարիների համագործակցության արդյունքները: Տիկին Էնուրեմ-Բրոմսոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մոտակա ամիսներին ՄԷՄԳ-ի կողմից ՈՒԱԿ-ին բրախիթերապիայի նոր սարքի տրամադրմանը, ինչպես նաեւ գործակալության կողմից Հայաստանում քաղցկեղի իրավիճակի վերլուծությանն ու Հայաստանի Քաղցկեղի ազգային պլանի մշակմանը:

Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության նորընտիր տնօրեն Էլիզաբեթ Ուեիդերփասի հետ քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ազգային ռեգիստր ստեղծելու ծրագիրը, ինչպես նաեւ փոխադարձ այցերի հնարավորությունը:

Աննա Հակոբյանը մասնակցել է նաեւ Նորին Թագավորական Մեծություն Տունակու Զարա Սալիմի եւ Մալայզիայի քաղցկեղի ազգային միության կողմից կազմակերպված՝ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջոցառմանը:

Հոկտեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը տիկին Հակոբյանի գլխավորությամբ հանդիպել է Մալայզիայի հայ համայնքի հետ: Ջերմ աշխատանքային մթնոլորտում անցած հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման հանդիպումների կարեւորությունը: