Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները:

Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը, արդարադատությունը եւ համագործակցությունը վիճակագրության բնագավառում:

Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են իրենց գերատեսչությունների մշակած ճանապարհային քարտեզները եւ համակատարող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կատարվելիք միջոցառումները: