ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում այսօր բացվել է մոբիլ մանկապարտեզ, որին մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ Դրախտիկ համայնքում կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, քանի որ նախակրթարանները հանդիսանում են կրթական համակարգի կարեւորագույն օղակներից մեկը:
«Փորձը ցույց է տալիս, որ երբ երեխաները նախակրթարան են հաճախում, ապա դպրոց հաճախելիս արդյունքն ավելի լավ է լինում: Նախակրթարանների եւ մանկապարտեզների ծրագրերին մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում, քանի որ այն մի շարք խնդիրներ է լուծում համայնքների եւ ծնողների կյանքում, որի արդյունքում ծնողներն ավելի երկար ժամանակ են տրամադրում իրենց մասնագիտական խնդիրներին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԵՄ գործընկերների հետ քննարկվում է նախակրթարանների ու մանկապարտեզների ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունը:
«Ներկայումս քննարկում ենք նախակրթարանների եւ մանկապարտեզների տարբեր մոդելներ, այս տարբերակը եւս հետաքրքիր է: Մանկապարտեզների տարբեր մոդելների դեպքում համայնքը կարող է ընտրել այն մոդելը, որ հարմար է այդ համայնքին՝ ֆինանսական միջոցների, երեխաների թվի եւ այլ առումներով: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես Հայաստանի փոքրիկ, հպարտ քաղաքացիներին, որոնց կրթությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Նախակրթարանների, մանկապարտեզների բացումը մեր քաղաքականության, Կրթության եւ գիտության նախարարության նոր թիմի գլխավոր սկզբունքներից մեկն է, այն է՝ կրթությունը հասանելի դարձնել շատերին, այլ ոչ թե քչերին, քանի որ նախկինում երբեմն այս սկզբունքը խախտվել է»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ մոբիլ մանկապարտեզների համակարգը նախատեսված է գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման համար եւ ենթադրում է մասնագետների շարժական թիմերով, կրթության պետական չափորոշիչների հիման վրա խառը խմբերով նախադպրոցական կրթության ապահովում 3-5 տարեկան երեխաների համար:
Մոբիլ մանկապարտեզները դասական «կրթություն-խնամք» մոդելի փոխարեն առաջարկում է «կրթություն» մոդելը եւ ունի դպրոցում գյուղաբնակ երեխաների համար մանկապարտեզ հաճախած երեխաների հետ հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու նպատակ։ Նախադպրոցական կրթության ծառայությունը երեխաներին մատուցվում է ըստ վերջիններիս բնակավայրի։
Գոյություն ունի մոբիլ մասնագետների կողմից ծառայությունների մատուցման 2 տարբերակ՝ բազմամասնագիտական թիմով եւ մեկ մանկավարժի/ դաստիարակի կողմից:




























