Վերջերս ռուսական ռազմական հետախուզության՝ ՀԳՎ-ի վրիպումները նրա աշխատակիցներին ծաղրելու առիթ հանդիսացան, սակայն Արեւմուտքը չպետք է թերագնահատի Կրեմլի երբեմնի ազդեցիկ հատուկ ծառայությունների փորձը։ Այս մասին խոսել է Բրիտանիայի անվտանգության նախարար Բեն Ուոլեսը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Արեւմուտքը ՀԳՎ-ին մեղադրել էր միջազգային հակադոպինգային կազմակերպությունների, ԱՄՆ-ի տարածքում միջուկային էներգետիկայով զբաղվող Westinghouse Electric Co-ի, ինչպես նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա կիբեռհարձակումների մեջ։

Սեպտեմբերին բրիտանացի դատախազները հայտնել էին, թե բավարար ապացույցներ ունեն Սկրիպալներին թունավորող Ալեքսանդր Պետրովի եւ Ռուսլան Բոշիրովի դեմ մեղադրանք ներկայացնելու համար։ Մոսկվան բոլոր մեղադրանքները հերքում է։