Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Պենտագոնում իր գործընկեր Ջեյմս Մետիսի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հունական Վոլոս, Լարիսա, Ալեքսանդրուպոլիս քաղաքների մոտ ամերիկյան մշտական ռազմական բազաներ ստեղծել՝ տեղեկացնում է Kathimerini-ն։
«Հունաստանն ԱՄՆ-ին իր ռազմավարական գործընկերը եւ համախոհն է համարում։ Ես կասեի միակը։ Հունաստանի համար կարեւոր է, որ ԱՄՆ-ը իր ռազմական ուժերը երկրում մշտական տեղակայի, եւ ոչ միայն Սուդի ծովածոցում»,- ընդգծել է Կամենոսը։
Ըստ թերթի՝ Կամենոսը պատահական չի նշել այդ երեք քաղաքները։ Դրանց նավահանգիստներն ու օդանավակայաններն արդեն իսկ օգտագործվում են ամերիկյան զինվորականների կողմից։
Երկու երկրների նախարարների քննարկումների շատ կարեւոր թեմաներից էր համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։ Դրա վկայությունը կլինեն Կրետե կղզում դեկտեմբերին կայանալիք զորավարժությունները։




























