Wikileaks հայտնի կայքի հրապարակած հերթական 4 փաստաթղթերից մեկը Հայաստանում ԱՄՆ դեսպանի գաղտնի զեկուցագիրն է, որ վերաբերում է թրաֆիքինգի (մարդավաճառության) եւ պոռնոբիզնեսի խնդրին։ Հայաստանն արդեն մի քանի տարի առաջ համապատասխան միջազգային փաստաթղթերում գրանցված էր թրաֆիքինգի սեւ ցուցակի մեջ։ Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
Ըստ ՀԱԿ-ի, «Սույն փաստաթուղթը ներկայացնում է դրա սահմռկեցուցիչ մանրամասները՝ մասնավորապես արձանագրելով որ այդ շրջանակներում գործ ունենք նաեւ մանկապղծության հետ։ Դրանում հանցավոր այս երեւույթի խորացման գլխավոր պատճառը համարում է ծանրագույն սոցիալական վիճակը, ծայրաղքատությունը, երբ անգամ ծնողներն են ստիպված լինում իրենց երեխաներին ուղարկել մարմնավաճառության։ Փաստաթուղթը կազմված է այդ ասպարեզում ԱՄՆ դեսպանատան կատարած ուսումնասիրությունների եւ տվյալ խնդրի շուրջ դեսպանի եւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցի հիման վրա»։
Հայտարարության հեղինակները նշում են, որ Wikileaks- այս սկանդալային բացահայտումը ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի հովանավորությամբ։ «Խայտառակ այս իրողության բացահայտման հանդիման, եթե Ազգային ժողովը եւ Սերժ Սարգսյանը անմիջապես պաշտոնանկ չեն անում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ նրա դեմ չի իրականացվում քրեական հետապնդում, ապա նրանք ստանձնում են լիակատար պատասխանատվություն գլխավոր դատախազության հանցավոր գործողությունների համար, ցույց տալով, որ, ըստ էության, թրաֆիքինգը եւ պոռնոբիզնեսը Հայաստանում հովանավորվում են բարձրագույն իշխանությունների կողմից»,- ասված է հայտարարության մեջ։





























