Լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետացմանն առնչություն ունեցող կասկածյալներից ոչ ոք չի կարող Բրիտանիա մուտք գործել, նրանց վիզաներն անհապաղ չեղարկվելու են: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բրիտանիան միջոցներ կձեռնարկի… Խաշոգջիի մահվանն առնչություն ունեցողներից ոչ ոք չի կարողանա Բրիտանիա մուտք գործել: Նրանց վիզաները, եթե կան այդպիսիք, հենց այսօր անվավեր կճանաչվեն», — խորհրդարանում ելույթ ունենալով ասել է Մեյը:

Նրա խոսքով, օրվա ընթացքում նա հեռախոսազրույց կունենա Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ եւ կքննարկի լրագրողի անհետացման հարցը: 
«Սաուդյան Արաբիան պարտավոր է համագործակցել Թուրքիայի հետ: Հայտարարություններն այն մասին, որ նա մահացել է կռվի ժամանակ, վստահություն չեն ներշնչում: Անհրաժեշտ է պարզել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է վարչապետը: