Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսն ուրբաթ հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եւ քննարկել երկկողմ փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի վերաբերյալ Վաշինգթոնի դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը:
«Ղեկավարները (գերատեսչությունները) քննարկել են պաշտպանական խնդիրների լայն շրջանակ, ներառյալ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, ինչպես նաեւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկրներ կատարած վերջին այցերը: Մաթիսը նաեւ շնորհակալություն է հայտնել նախարարին իր երկրի կողմից համաշխարհային կայունությանն եւ անվտանգությանը աջակցելու համար, այդ թվում Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Եվրոպայում», - նշվում է փաստաթղթում:
Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը դուրս կգա Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, քանի որ Ռուսաստանն իբրեւ թե խախտում է դրա պայմանները: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այդ որոշումը վտանգավոր էր անվանել, Վաշինգթոնին քննադատել էին նաեւ Բեռլինն ու Պեկինը:
Այս շաբաթ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ՄԱԿ-ի քարտուղարությանն եւ Կազմակերպության առաջին կոմիտեի նախագահին ներկայացրել էր վերոնշյալ պայմանագրի աջակցության բանաձեւի տեքստը, սակայն ուրբաթ առաջին կոմիտեն ձայների մեծամասնությամբ մերժել էր փաստաթղթի քննարկումը:




























