ԱՊՀ-ն դարձել է ավելի ֆորմալ, իսկ կառավարությունները արդյունավետորեն ներգրավված չեն համատեղ նախագծերի ձեւավորման, մշակման եւ իրականացման մեջ: Հոկտեմբերի 30-ին «ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեք-Երեւան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված էր նոյմեբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին այս մասին ասաց  Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունից տնտեսական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկը:

Այսպես նրա խոսքով, 2009-ից հետո Մոլդովական շուկայում եւ առեւտրում ԱՊՀ մասնաբաժինը ընդհանուր առմամբ սկսել է կրճատվել:

«2013-ին այն կրճատվել է մինչեւ 40 տոկոս՝ նախորդ 50 տոկոսից: Իսկ 2017-ին այն կազմել է արդեն 24 տոկոս: Այսօրվա դրությամբ որքան էլ տարօրինակ է, այն 16 տոկոս է կազմում: Ընդ որում ԵՄ մասնաբաժինը 40-ից մինչեւ 69 տոկոս է ավելացել», - նշեց նա:

Արտահանման եւ ներկրման կառուցվածքի նման փոփոխությունը, ըստ պատգամավորի, չի համապատասխանում Մոլդովայի Հանրապետության տնտեսական շահերին:

Նա ընդգծեց, որ իրենց հաշվարկներով, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը անհամեմատ ավելի մեծ օգուտներ է տալիս ինչպես մոլդովական տնտեսությանը, այնպես էլ նրա տնտեսական աճին, ինչպես նաեւ սոցիալական ոլորտի քաղաքացիներին:

Միեւնույն ժամանակ, մոլդովացի քաղաքական գործիչը շեշտեց, որ եթե մինչեւ 2016 թվականի ավարտը հանրապետության ղեկավարության դիրքորոշումը 100 տոկոսով արեւմտամետ էր, ապա նախագահ Իգոր Դոդոնի ընտրությունից հետո իրավիճակը փոխվել է եւ այլեւս այդքան էլ միանշանակ չէ: