Նյու Յորքի հանրային ռադիոյում Անդրեա Բերնստայնը եւ Իլյա Մարիցը անդրադարձել են 1994-2001 թվականներին Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի` վերջերս Հայաստան, Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցերին` դրանք անվանելով «առեղծվածային»:
Նրանք նշել են, որ Ջուլիանին ազգային հերոս է դարձել 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, իսկ այժմ նախագահ Դոնալդ Թրամփի «անվճար փաստաբանն է» Ռոբերտ Մյուլլերի գլխավորած խմբում, որը հետաքննում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը:
Հեղինակները մատնանշել են այն փաստը, որ Ջուլիանին Թրամփի` նախագահ դառնալուց հետո բազմաթիվ առիթներով այցելել է Ռուսաստան եւ նախկին խորհրդային հանրապետություններ, ինչին հիմնականում ուշադրություն չի դարձվել:
Նրանք խոսել են նախորդ շաբաթ Ջուլիանիի` Հայաստան կատարած այցի մասին, նշել, որ հայկական մամուլի տվյալներով` Ջուլիանիին Հայաստան էր հրավիրել ռուսաստանաբնակ հայ խոշոր բիզնեսմեն Արա Աբրահամյանը, որի օգնությամբ Կրեմլը վերանորոգվել է, եւ նա «հայրենիքին [Ռուսաստանին] մատուցած ծառայության» համար մեդալ է ստացել նախագահ Պուտինից:
Ջուլիանին, ինչպես հայտնում են, Հայաստան է եկել որպես ազատ քաղաքացի, մինչդեռ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում Աբրահամյանը ասել է, որ Ջուլիանիից ակնկալում է կարեւոր տեղեկություն հաղորդել Թրամփին. պարզ չէ, թե որքանով է Ջուլիանին դա հասկացել, քանի որ զրույցն ընթանում էր հայերենով:
Հաղորդմանը նշվել է նաեւ, որ Ջուլիանին Հայաստանում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի (նրան պատկանող ընկերություններից մեկը զբաղվում է կիբեռանվտանգության խորհրդատվությամբ), «որտեղ նրանից բացի՝ ելույթ ունեցողների ցուցակում է եղել մի ռուս, որը Ղրիմի օկուպացիայի հետեւանքով ենթարկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին»:
Լրատվամիջոցին հայտնի չէ, թե կոնկրետ ինչ նպատակով է Ջուլիանին նման այցեր կատարում, արդյոք դրանց համար վճարվում է, եւ եթե այո, ապա ում կողմից եւ ինչ նպատակով: Սակայն հայտնի է, որ այցերը կազմակերպում է TriGlobal Strategic Ventures / «TriGlobal ռազմավարական նախաձեռնություններ» ընկերությունը, որի բաժնետերերից է Արա Աբրահամյանը։
Ջուլիանին, Աբրահամյանը եւ TriGlobal ընկերությունը չեն արձագանքել լրատվամիջոցի հարցումներին: Հեղինակները կարծում են, որ Ջուլիանիի արտասահմանյան գործունեությունը հակաօրինական չէ, սակայն հաստատ աննախադեպ է:




























