Եթե պաշտոնապես իմանանք ստվերային տնտեսության դրա չափն ու տեղը, դա կդադարի ստվեր լինել, կգնանք կսկսենք դրա ուղղությամբ գործողություններ անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Գնահատականներ իհարկե կան եւ դրանք տարբեր են՝ 30-ից մինչեւ 50 տոկոս գնահատականներ են հնչել տարբեր, այդ թվում հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Ստվերի կրճատման արդյունքը միանգամից զգալ հնարավոր չէ, ժամանակ է պետք, որ նախ հարկ վճարողը հասկանա, որ այլընտրանք չունի, պետք է հարկերը վճարի: Նա պետք է հավատա, որ ոչ թե ստվերային գումարներ կուտակի վաղը իր նկատմամբ ոտնձգությանը դիմագրավելու համար, այլ այսօր պետք է վճարի»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ իհարկե, ստվերը հենց նրա համար է ստվեր, որ տեղն ու չափը չգիտենք. «բայց եղել են ժամանակներ, որ եթե նույնիսկ ստվերի տեղն իմացել ենք, եւ արդյոք մշտապես եղե՞լ են պայմաններ, որ ստվերը կրճատենք, թե ոչ»:


























