Ազգային ժողովի շենքի պահպանման վերանորոգման համար պահանջվող միջոցները 2018 թվականի ընթացքում կառավարությունը չի փոխանցել խորհրդարանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով, կառավարությունից մի դեպքում պահանջվել է հատկացնել 109 մլն դրամ, մեկ այլ դեպքում՝ 205 մլն դրամ, սակայն երկու դեպքում էլ հատկացում չի եղել. «Դա նշանակում է, որ մեր շենքը եւ օժանդակ տարածքները, որոնք ունեն անընդհատ վերանորոգման խնդիրներ, կարող են վտանգվել: Այդ պատճառով կրկին դիմել ենք կառավարությանը: Մենք ունենք խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ ի վեր: Դրանք կապված են մեր շենքի ջրամատակարարման, ջեռուցման, ջերմամեկուսակցման համար»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե այդ գումարները չլինեն, 7-րդ գումարման Ազգային ժողովն այդ խնդիրները կունենա:
Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին նախատեսված է ունենալ առնվազն 48 օր հերթական եւ 23 օր արտահերթ նիստեր, առնվազն 28 խորհրդարանական լսում եւ 25 բրիֆինգ. «Տարվա ընթացքում առվազն կընդունվեն 380 օրենք եւ ԱԺ որոշումների նախագծեր, կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների 23, բարեկաման խմբերի 7-10 այցեր»:




























