«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային քաղաքականությունը երկրի օրենսդրությամբ է կարգավորվում: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող եւ բաշխող համակարգերի գործունեության, գազի եւ էլեկտրականության գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գնվող եւ վաճառվող էներգիայի արժեքի միջեւ մարժան լիովին համապատասխանում է հայկական օրենսդրությանը եւ նախկինում կնքված համաձայնագրերին:

«Վաճառքի սակագները հիմնված են ըստ սակագների ֆիքսված դրույքների վրա, ինչպես նաեւ գիշերային-ցերեկային տարաբաժանման»,- պարզաբանեց Հարությունյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ «Տաշիրի» կողմից ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումից հետո ՀԷԿ-երին ներկայացվող տարբեր բնույթի պահանջները հանվել են եւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ համատեղ համաձայնագրով նաեւ հաստատվել է, որ 5 տարի շարունակ ՀԷԿ-երին էլեկտրաէներգիայի կորուստների աճի վերաբերյալ ոչ մի պահանջ չի ներկայացվի, սակայն համատեղ կսահմանվեն հստակ ցուցանիշներ, որից հետո կիրականացվեն որոշակի մեղմացումներ:

«2021 թվականից հետո կսկսվի սակագների մարժայի նվազումը»,- հայտարարեց գլխավոր տնօրենը: Նա նաեւ հայտնեց, որ ներդրումային ծրագրերի իրականացումից հետո իրենք տեխնիկական իմաստով ավելի հագեցած կլինեն, կորուստները «նորմալ» կլինեն, ինչպես նաեւ կստեղծեն «նորմալ» էլեկտրական ցանց՝ սպասարկաման բոլոր բաղադրիչներով, ինչը թույլ կտա բաժանորդներին համապատասխան ծառայություններով ավելի լիարժեք ապահովել:

Հարությունյանի հավաստիացմամբ՝ իրենց ձեռնարկած քայլերը թույլ են տվել կրկնակի կրճատել միացման ժամկետները, ինչպես նաեւ նվազեցնել բոլոր բացասական երեւույթների թիվը: