«Լույս» դաշինքի պառակտման հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած էր չբավարարված ամբիցիաների հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Շատերը նշում էին, որ ավելի նպատակահարմար էր, որ նրանք ընտրությունների մասնակցեն որպես կուսակցություն, ոչ թե որպես դաշինք, քանի որ դաշինքի համար անցողիկ շեմը 7 տոկոս է, իսկ կուսակցությունների համար՝ 5: Սակայն ոմանց քաղաքական ամբիցիաները թույլ չտվեցին, որ դա իրականություն դառնա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կա կարծիքվ, որ «Լույսի» պատռակտումը, ձեռնտու էր ՀՀԿ-ին, քանի որ իր հավանական մրցակիցներից մեկը թուլացավ, Արմեն Բադալյանն ասաց, որ այնքան կարեւոր չէ, թե ում էր ձեռնտու, շատ ավելի կարեւոր է, որ դրանից ովքեր տուժեցին: Նա նկատեց, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ դա գաղափարական դաշինք լիներ, որը կբավարարեն Հայաստանում, այսպես կոչված, արեւմտամետ ընտրազանգվածի պահանջմունքները. «Փաստն այն է, որ «Լույս» դաշինքի պառակտումը վնասելու է այդ ընտրազանգվածի շահերին: Կարեւոր չէ, թե կուսակցությունների մեջ ում շահերը կոտնահարվեն, կարեւոր է, որ ընտրազանգվածի շահերը ոտնահարվում են»:
Նրա խոսքով, դեռ մայիսից հայտնի էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն քաղաքական ուժերից ոչ մեկն այդ ուղղությամբ քայլեր չի արել. «Քաղաքական ուժերն այս ընթացքում կարող էին թաքնված քարոզարշավ իրականացնել, բայց ոչ մի ուժ այդ հնարավորությունից չօգտվեց: Սա ցույց է տալիս քաղաքական ուժերի ոչ ադեկվատությունը: Ու հիմա հայտարարում են, թե 12 օր քարոզարշավի քիչ է: Շատ զարմանալի է, որ նոյեմբերի 26-ից պաշտոնապես քարոզարշավը մեկնարկում է, սակայն կան ուժեր, որոնք դեռ չեն որոշել, թե մասնակցում են ընտրություններին, թե ոչ»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:




























