ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկում 1997թ. ծնված քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հարվածել ցանկապատին: Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդը եւ երեք ուղեւորները մահացել են:
Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:



























