ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությանը՝ կարեւոր միջոցառումը կազմակերպելու համար:
Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, այն որակել է աննախադեպ եւ պատմական ու նշել, որ այդ օրերին հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։
«Ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ եւ հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը: Երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության եւ ժողովրդավարության սկզբունքները: Արդյունքում այս տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությանը, եւ ձեւավորվեց համաձայնության Կառավարություն:
Եվ այսօր ես՝ որպես ժողովրդի կողմից ձեւավորված Կառավարության անդամ, մեծ պատասխանատվություն եմ ստանձնել նյութականացնել եւ կյանքի կոչել այն դրական էներգիան, որն առկա էր այս տարվա գարնանը Հայաստանի փողոցներում եւ հրապարակներում»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ որպես կարեւորագույն քայլ անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչը առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի. պետական համակարգի բոլոր օղակները եւս պետք է հեղափոխվեն եւ վերափոխվեն։
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ խիստ անհրաժեշտ է հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների, համակարգի վերակառուցման մեջ։ Նրա խոսքով՝ հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաեւ բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ եւ հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձեւակերպված կարճաժամկետ եւ ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:
«Անհրաժեշտ է ստեղծել սպասելիքների կառավարում՝ հանրությանը տալով իրատեսական փոփոխությունների ցանկ, իրատեսական ժամկետներով։ Սա կարեւոր է, քանի որ շատերը սպասում են անթերի որոշումների եւ բացառապես դրական արդյունքների, ինչը շատ պարտավորեցնող է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ երկրում տեղի ունեցող բարեփոխումներում կարեւորելով քաղաքացիական հասարակության, բիզնեսի անմիջական մասնակցությունը եւ սատարումը:
Նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է նաեւ եւս մեկ կարեւոր գործոն, որը նպաստում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական էներգիայի նյութականացմանը եւ դրա կյանքի կոչելուն. դա հանրության առջեւ հաշվետվողականության, թափանցիկության, բաց գործելու Կառավարության որդեգրած քաղաքականությունն է:
Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեղափոխության օրերին, ինչպես նաեւ համաձայնության կառավարության ձեւավորումից հետո սոցիալական ցանցերը մեծ դեր եւ նշանակություն են ունեցել հեղափոխական ուժերի եւ ապա նաեւ Կառավարության կողմից հասարակության առջեւ հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման տեսանկյունից, ինչն էականորեն նպաստել է Հայաստանում ժողովրդաիշխանության ամրապնդմանը եւ ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաեւ այդ փողոցային պայքարի դրական էներգիան կառավարման համակարգին հասցնելուն եւ իրականացվող բարեփոխումներին ժողովրդի անմիջական մասնակցությունն ապահովելուն:
Ելույթի ավարտին նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Կառավարությունը փորձում է նորարարական էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմամբ պայքարի դրական էներգիան վերածել կառավարման գործընթացին հասարակության անմիջական մասնակցայնությանը:
Այցի շրջանակում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հանդիպումներ է ունեցել Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակ Մուն Հի-Սանգի, Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Լի Յոնգսանի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադհանի, Հարավային Կորեայի Ներքին գործերի եւ անվտանգության նախարար Կիմ Բու Քյումի, Մոնղոլիայի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Գոմբոժավին Զանդանշաթարի, Ղրղզստանի արդարադատության նախարար Մարատ Ջամանկուլովի, ինչպես նաեւ Վրաստանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:




























