Ախալքալաքի շրջանային դատարանը 3000 լիրա (ավելի քան 1000 դոլար) գրավով ազատ է արձակել Ախալքալաքում (Սամցխե-Ջավախք) «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման նախընտրական շտաբի անդամների նկատմամբ կիրառած բռնության մեջ մեղադրվող բոլոր 5 մեղադրյալներին, հաղորդում է Rustavi2 հեռուստաալիքը:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման անդամներ Աշոտ Ռաիսյանին, Միխայիլ Աղաբաբյանին, Աբրահամ եւ Տիգրան Աբրահամյաններին ծեծել են հոկտեմբերի 30-ին:
Ընդդիմության տվյալներով, նրանց գրասենյակ են մտել իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ներկայացուցիչները եւ սկսել են ծեծել: Մեղադրյալների թվում պատգամավորի որդի Կարապետ Մկոյանն է, եղբայրը՝ Մարտուն Մկոյանը եւ զարմիկ Էդուարդ Մկոյանը:
«Նրանք մեղադրվում են 126-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվող հանցագործության կատարման մեջ (բռնություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի քան 3 անձանց դեմ): Մեղադրական կողմը խնդրել է բոլոր 5 մեղադրյալների համար որպես խափանման միջոց ընտրել գրավը: Դատարանը քննարկեց մեր միջնորդությունը եւ ամբողջությամբ բավարարեց», - լրագրողներին ասել է դատախազ Գեորգի Օրջոնիկիձեն:
Պաշտպանական կողմը համաձայն չէ դատարանի որոշման հետ:
Փաստաբանները պնդում են, որ երկու մեղադրյալները՝ Մարտուն Մկոյանը եւ Անդրանիկ Կարսելյանը, չեն մասնակցել ծեծկռտուքին:
«Մարտուն Մկոյանը եւ Անդրանիկ Կարսելյանը նշել են, որ չեն մասնակցել ծեծին եւ դա երեւում է նյութերից: Ես պահանջել եմ, որ նրանց նկատմամբ որեւէ խափանման միջոց չկիրառեն, առավել եւս գրավ եւ քրեական գործը պետք է դադարեցվի», - ասել է փաստաբան Կախաբեր Ասպանիձեն:
Ախալքալաքի շրջանային դատարանի որոշման կապակցությամբ վրդովմունք է հայտնել «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ղեկավար Զաալ Ուդումաշվիլին:
Նա մեղադրել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլիին նրանում, որ նա վերահսկում է երկրի դատարանները:
«Երեք հազար լարի գրավ մարդկանց համար, որոնք շատ դաժան են պատժել քաղաքական ընդդիմախոսներին, այդ թվում՝ մահակներով եւ զենքով, սա անչափ ծանր քրեական հանցագործություն է: Թող պարզապես նայեն տուժողներին, տեսնեն, թե նրանք ինչ վիճակում են, իսկ հետո նոր որոշում ընդունեն: Չնայած, եթե գործ ունենք Իվանիշվիլիի վերահսկած դատարանի հետ, մենք այլ բան չէինք էլ սպասում»,- ասել է Ուդումաշվիլին:
Միջադեպից հետո ընդդիմությունը հանդես է եկել Հենզել Մկոյանին անձեռնմխելիությունից եւ պատգամավորական մանդատից զրկելու, ինչպես նաեւ նրա դեմ քրեական գործ հարուցելու նախաձեռնությամբ: Ի պատասխան՝ նոյեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն իշխող կուսակցության անունից Մկոյանին լիակատար աջակցություն է հայտնել եւ հայտարարել, որ նա իրենց թիմի արժանավոր անդամ է:
«Սա ընտրովի իրավունքի դասական օրինակ է, երբ իշխանությունները հրաժարվում են պատժել իրենց քաղաքական թիմի ներկայացուցչին, մարդու, որը զենքի բռնակով եւ բեյսբոլի մահակներով մարդկանց է ծեծել»,- ասել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քարտուղար Թինաթին Բոկուչավան, որը մտնում է «Ուժը միասնության մեջ է» միավորման մեջ:
Մեղադրյալներին սպառնում է տուգանք կամ 180-ից մինչեւ 240 ժամ հանրայնորեն օգտակար աշխատանք, կամ մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում:
Ընդդիմադիրների ծեծին նախորդել էր Ախալքալաքի ավտոլցակայաններից մեկում տեղի ունեցած միջադեպը: Հոկտեմբերի 30-ի գիշերը ընդդիմադիրները պոկել էին Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի պաստառները եւ վիրավորել էին լցակայանի օպերատորին:
Սրա հետ կապված վարչական կարգով «մանր խուլիգանություն» հոդվածով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Ռաիսյանին եւ Միխայիլ Աղաբաբյանին: Նրանց սպառնում է 500 լարիից (183 դոլարից ավելի) մինչեւ 1000 լարի (366 դոլարից ավելի) տուգանք կամ 15 օրով վարչական բանտարկություն:
Մանր խուլիգանության գործով դատական նիստը պետք է տեղի ունենար երկուշաբթի, սակայն դատաքննությունը հետաձգվել է մեղադրյալների դեռեւս հիվանդանոցում գտնվելու պատճառով: Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:



























