Ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ամեն ինչ հիմնված է ընտրողների քաղաքական գիտակցության վրա, որոնք իրենց ընտրությունը կատարում են անձերի, այլ ոչ կուսակցությունների, նրանց ծրագրերի եւ գաղափարախոսության օգտին»,- նշեց փորձագետը:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս համակարգը կարող է առանձնապես օգտակար լինել մարզերում, մյուս կողմից՝ «Քաղաքացիական պայմանագրի» առջեւ այլ խնդիր է ծառացած՝ տարածքներում ինչպիսի թեկնածուների առաջադրել:
Փորձագետը շեշտեց, որ այս իմաստով ՔՊ ներկայացուցիչները, հավանաբար, պետք է փոխգործակցեն տեղերի ազդեցիկ մարդկանց հետ:
«Քաղաքական համակարգի զարգացման իմաստով ռեյտինգային ընտրակարգը լավագույնը չէ, սակայն այն հոյակապ է գործում առանձին ընտրարշավների ժամանակ կոնկրետ խնդիրներ լուծելիս եւ մշտապես իշխանություններին օգուտ է բերում»,- եզրափակեց փորձագետը:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ նախընտրական արշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ից: Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, 18:00: ԿԸՀ-ն նրանց կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, 18:00: Նախընտրական արշավը կանցկացվի նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Օրենսդրության համաձայն՝ այն անցկացնելու համար 12 օր է հատկացվել:




























