Տարիներ շարունակ ԱԱԾ-ն իր կադրերն ընտրել է խորհրդային դպրոցից եւ ռուսական դպրոցի կադրային դարբնոցից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա դիմելով ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանին հարցրեց. «Հիմա նոր ժամանակներում արդյոք ԱԱԾ-ն ունի եվրոպական երկրներում կրթություն ստացած կադրեր, որոնցով համալրվել է ծառայությունը»:
Վերջինս դրական պատասխան տվեց. «Կարճ ասեմ՝ ունենք: Դա էլ էստեղ հնչելու հարց չի, որ մենք հնչեցնենք քանի մարդ ենք ուղարկում այս կամ այն երկիր: Դուք գիտեք՝ նրանք անփորձ մարդիկ են, գնում սովորում են, գալիս են: Հանգիստ եղեք, մեր երկրի մթնոլորտը, որն այս պահին ձեւավորված է, անվտանգության խնդիրները լուծված են, մենք անվտանգության խնդիր չենք տեսնում, որի մասին խոսում են նաեւ մեր աշխատանքի արդյունքները: Թող բոլորն էլ իմանան, որ եթե այստեղ հանգիստ նստած ենք, ուրեմն ինչ-որ բան անում ենք»,-ասաց Արամ Հակոբյանը։




























