Ինդոնեզական ինքնաթիռը հետաձգել է չվերթն այն բանից հետո, երբ ուղեւորները բողոքել են սրահում դուրիանի անտանելի հոտի դեմ։ Պարզվել է, որ 2 տոննա աշխարհի ամենագարշահոտ միրգը Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռով Ջակարտայից Բենկուլու էր տեղափոխվում՝ տեղեկացնում է BBC-ն։
Ուղեւորները պահանջել են միրգը ինքնաթիռից հանել, բանը հասել է անձնակազմի հետ քաշքշուկին։
Ավիաընկերությունն արդյունքում տեղի է տվել եւ բեռնաթափել է դուրիանի խմբաքանակը։
Sriwajiya Air-ը ավելի ուշ հայտարարել է, որ իրավունք ուներ բեռների մասում տեղափոխել գարշահոտ մրգի խմբաքանակը։ «Դուրիան տեղափոխելն արգելված չէ, եթե չվերթների պահանջներին համապատասխան փաթեթավորված է։ Շատ ավիաընկերություններ են այն տեղափոխում»,- Jakarta Post-ի համար մեկնաբանել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Դուրիանը ասիական դելիկատես է, որը շատ վեճերի առիթ է հանդիսանում՝ այն կամ սիրում են, կամ՝ ատում։
Մրգի վատ հոտի պատճառով արգելվում է այն պահել հյուրանոցներում, տեղափոխել հասարակական տրանսպորտով, որոշ երկրներում՝ նաեւ ինքնաթիռով։


























