Չեխիայի Գյուղատնտեսության նախարարությունը առաջարկել է կրկեսներում ամբողջությամբ արգելել վայրի կենդանիների ելույթները, հաղորդում է «Եվրո Պուլսը»:
Ներկայումս Չեխիայում արգելված է կրկեսներում որոշ կենդանիների վարժեցնել՝ փոկերին, ընձուղտներին, գետաձիերին եւ կապիկների ձագերին: Այժմ, պաշտոնյաների առաջարկով, արգելքը պետք է տարածվի բոլոր վայրի կենդանիների վրա: Կրկեսներում կկարողանան ելույթ ունենալ ընտանի կենդանիները՝ ձիերը, ուղտերը կամ լամաները:
Չեխիայում գործում է 12 կրկես, որոնց ծրագրերում մասնակցում են վայրի կենդանիները: Նրանց ղեկավարներին որոշումը վրդովվեցրել է. նրանց կարծիքով, կրկեսներում անընդհատ ստուգումներ են կատարվում, որոնք հաստատում են, որ կենդանիները լավ պայմաններում են պահվում: Սեփականատերերը նաեւ վախենում են, որ եթե կենդանիներին տանեն, նրանք ապրելու տեղ չեն ունենա: Նախարարության ծրագրով, ենթադրվում է, որ կենդանիները պահվելու են հատուկ կենտրոններում, բայց պայմաններն այնտեղ բնականից շատ են տարբերվում:
Կենդանիների պաշտպաններն իրենց հերթին կարծում են, որ կրկեսում կենդանիների հարկադրական աշխատանքն արգելելը բավարար չէ եւ հարկավոր է ընդհանրապես հրաժարվել կենդանիների մասնակցությամբ ելույթներից:


























