Ֆրանսիայում Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918) 100-ամյակի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակում կներկայացնեն անհայտ զինվորի հավաքական կերպարը: Միասնական դիմանկարը ստեղծվել է տասնյակ հազարավոր լուսանկարների հիման վրա, որոնք մշակվել են հատուկ ծրագրային ալգորիթմի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Europe1-ին:
«Սկանավորվել են տարբեր նկարներ, ընդ որում պարտադիր չէ դիմահայաց, բայց երբեմն էլ երեք քառորդ», -ասել է Պերոն քաղաքի Համաշխարհային պատերազմի թանգարանի տնօրեն Էրվե Ֆրանսուան:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մշակվել է առնազն 30 հազար նկար: «Ծրագրային ապահովման միջոցով հաջողվել է վերականգնել եւ կազմել պատերազմում մարդկությանը խորհրդանշող ֆոտոռոբոտը», - հավելել է նա:
Մեղմ դիմագծերով եւ խնամված բեղերով տղամարդ՝ խորաթափանց, բայց միեւնույն ժամանակ խաղաղ հայացքով: Այսպես է Ֆրանսուան նկարագրում այն ժամանակվա զինվորի հավաքական կերպարը:
Աղոտ լուսանկարի վրա, որը ներկայացված է ռադիոկայանի կայքում, դժվար է հասկանալ սանրվածքը կամ գլխարկը, սակայն ընդհանուր դիմագծերը հստակ երեւում են:
Europe1-ի տեղեկություններով պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ, երբ նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Պերոն քաղաքի Համաշխարհային պատերազմի թանգարան: Այդ օրը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նա կհարգի զինվորների հիշատակը, որոնք մահացել են Սոմմայի մարտում եւ Տիպվալ գյուղում հուշահամալիրի մոտ ծաղկեսպսակ կդնի:
Ֆրանսիայի հյուսիսում՝ Սոմմա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը դարձավ հիմնական իրադարձություններից մեկը, որը նպաստեց Առաջին համաշխարհային պատերազմի ընդհանուր ընթացքի փոփոխությանը`հօգուտ Անտանտի:



























