Սպիտակ տունը հաղորդել է, որ այս տարի Ազատության մեդալը կտրվի երգիչ Էլվիս Փրեսլին, ով մահացել է 1977 թվականին, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Variety-ին:

Հաղորդագրությունում նշվում է, որ կատարողը ամբողջ աշխարհում միլիարդավոր երկրպագուների համար ամերիկյան մշակույթի խորհրդանիշներից մեկն էր:

Ընդգծվում է, որ մի քանի երաժշտական ուղղությունների միաձուլումից Փրեսլիին հաջողվել է ստեղծել սեփական անկրկրնելի ոճը:

Սպիտակ տունը նաեւ նշել է, որ Փրեսլին, լինելով հայտնի երգիչ, երկու տարի ծառայել է բանակում: Երգիչն իսկապես զինվոր է եղել եւ Արեւմտյան Գերմանիայում ծառայել է տանկային դիվիզիայում՝ զուգահեռ նոր երգեր թողարկելով եւ Եվրոպայում համերգներով հանդես գալով:

Փրեսլին երեք Grammy մրցանակների դափնեկիր է, բազմաթիվ հիթերի հեղինակ եւ կատարող: 1986-ին նա ընդգրկվել է «Ռոքն ռոլլի փառքի դահլիճում:

1945 թվականից Ազատության մեդալը տրվում է այն մարդկանց, ովքեր նշանակալի ներդրում են կատարել ԱՄՆ-ի զարգացման եւ աշխարհում խաղաղության պահպանման գործում: Դափնեկիրների ցանկը ընտրում է Սպիտակ տան ղեկավարը, եւ տարբեր տարիներին մրցանակով պարգեւատրվել են Արեթա Ֆրանկլինը, Ռոնալդ Ռեյգանը, Ուոլթ Դիսնեյը, Սթիվեն Սփիլբերգը, Ռոբերտ դե Նիրոն, Ֆրենկ Սինատրան: Պարգեւատերվել են նաեւ օտարերկրացիներ: Այսպես, 1987-ին մեդալը ստացել է Մստիսլավ Ռոստրոպովիչը:

Բացի Փրեսլիից, մեդալը կստանան բեյսբոլիստ Բեյբ Ռութը, ամերիկացի ֆուտբոլիստ Ռոջեր Սթաուբախը եւ բարերար Միրիամ Ադելսոնը: