Ֆրանսիայի արդարադատության մարմինները նոյեմբերի 10-ին մեղադրանքներ են ներկայացրել չորս աջ ծայրահեղականներին, որոնք ենթադրաբար մահափորձ էին նախապատրաստում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, հաղորդում է DW-ն:
22-ից մինչեւ 60 տարեկան տղամարդիկ մեղադրվում են ահաբեկչական խմբավորման ստեղծման եւ զենքի ապօրինի տիրապետման համար:
Նոյեմբերի 6-ին Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) Ֆրանսիայի հարավ-արեւելքում Իզեր, Բրետանիի Իլ եւ Վիլեն եւ Լոտարինիգիի Մոզել շրջաններում վեց աջ արմատականներին ձերբակալելու նպատակով գործողություն է անցկացրել:
Հետաքննության հետ ծանոթ աղբյուրների հաղորդմամբ, իրավապահներին հաջողվել է գաղտնալսել տղամարդկանց հեռախոսային խոսակցությունները, որտեղ նրանք քննարկում էին տարբեր գաղափարներ, այդ թվում պետության ղեկավարի դեմ հարձակումը:
Հարձակման ծրագիրը դեռ սկզբնական փուլում էր: Այս մասին ձերբակալման օրն ասել է քննչական մարմինների աղբյուրը: Փարիզի դատախազությունը ահաբեկչության կասկածանքով հետաքննություն է սկսել:
Քաղաքացիների եւ փախստականների վրա հարձակումների հնարավոր նախապատրաստումը
Նախորդ տարվա ընթացքում Ֆրանսիայում աջ արմատականների ձերբակալման մի քանի դրվագ է եղել: Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է 10 մարդ, որոնք ենթադրաբար քաղաքական գործիչների, փախստականների եւ մզկիթների վրա հարձակումներ էին նախապատրաստում:
Հնարավոր թիրախների թվում նշում էին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաներին (ով այժմ երկրի ՆԳ նախարարն է) եւ «Չնվաճված Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին:





























